ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թվականին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը նվիրված կլինի Հայաստանի անկախության 20-ամյակին, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
«Այս տարի մենք ակնկալում ենք ավելի քան 1000 մարդու մասնակցություն ողջ աշխարհից։ Ներկայումs մասնակցության հայտ է ներկայացրել մոտ 400 մարդ 11 երկրներից»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ այս տարի որոշում է ընդունվել ընդլայնել փառատոնի շրջանակները՝ ծրագրում բացի արվեստի կատարողական տեսակներից ընդգրկելով նաև կերպարվեստ և շախմատի համահայկական օլիմպիադա։
Նախարարն ընդգծեց նաև, որ կկարևորվի համահայկական պրոֆեսիոնալ միությունների ստեղծմանն ուղղված գիտաժողովների անցկացումը։
«Այսօր մեկնարկում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի հիմնի և «Հայաստան-Սփյուռք» գործընկերության մրցույթների հայտերի ընդունումը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
Հակոբյանի խոսքերով՝ այս տարի թատերական մրցույթն իրենից կներկայացնեի ողջ աշխարհում գործող հայկական կայացած թատրոնների դիտում։
«Փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 12-16-ը կանցկացվի ԶԼՄ-ների մրցույթ։ Մենք արդեն առաջարկել ենք 250 ԶԼՄ-ների մասնակցել մրցույթին»,- ասաց նախարարը։
Իր հերթին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ղեկավար Թամարա Պողոսյանը նշեց, որ փառատոնը դարձել է սփյուռքի մշակութային կյանքի անբաժան մասնիկը։
«Այս տարի փառատոնի աշխարհագրությունը կընդլայնվի՝ մենք արդեն մասնակցության հայտեր ունենք Կանադայից, Շվեյցարիայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Մակեդոնիայից»,- տեղեկացրեց Պողոսյանը։
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը Հայաստանում անցկացվում է 2003 թվականից՝ երկու տարին մեկ անգամ։ -0-
