SELECTORNEWS
Загрузка...

04:09
9/02/2012
Հայկական ընդդիմությունը երթ է անցկացրել և ԵԽ-ի գրասենյակին է հանձնել երկրի բարեփոխման ծրագիրը
16:57 | 16/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը երթ է անցկացրել և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակին է հանձնել երկրում քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիրը:

«Եվրոպայի Խորհրդի մոնիտորինգի խումբը պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին ներկայացնել բարեփոխումների ծրագիր, սակայն իշխանությունները դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկում», - ասաց ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ ՀԱԿ-ը մշակել է բարեփոխումների սեփական ծրագիրը, որոնք ուղղված են քաղաքական և տնտեսական ճգնաժամից Հայաստանի դուրս գալուն:

Նրա խոսքերով՝ ընդդիմության հիմնական պահանջներն են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումը, «Ա1+» հեռուստաալիքի բացումը, տնտեսական բարեփոխումների իրագործումը:

Երթը սկսվել է Հանրապետության Հրապարակից և անցել է Երևանի կենտրոնական փողոցներով՝ ավարտվելով Հյուսիսային պողոտայում կարճատև հանրահավաքով:

«Երթի բազմամարդությունը ապացուցում է, որ նույնիսկ նախագահական ընտրություններից երկու տարի անց Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ: Ստեղծված իրավիճակից միակ ելքը կարող են միայն արտահերթ ընտրությունները լինել: Դրա համար կան բոլոր հիմքերը», - հայտարարեց Զուրաբյանը:

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 200-ից ավել քաղաքացի։-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»