ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հուշամատյանում:
Պատրիարքը ծանոթացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փաստաթղթերին և նյութերին, ինչից հետո գրառում է կատարել Հուշամատյանում:
«Հավերժ հիշատակ առանց մեղքի սպանված մեր հայ եղբայրերին և քույրերին: Թող Աստված պահպանի Հայաստանի հողն ու նրա ժողովրդին և ցանկացած ժողովրդի այնպիսի տառապանքներից, ինչպիսին ներկայացված են ցավալի հուշերի այս վայրում», - ասաց Պատրիարք Կիրիլը:
Այնուհետև Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի «Հիշատակի ծառուղում»:
Այժմ Պատրիարք Կիրիլն ուղևորվում է Երևանում գտնվող Ռուս Ուղղափառ եկեղեցի, իսկ այնուհետև ռուսական դպրոցում հանդիպում կունենա Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ապրիլի 24-ն է:-0-
