ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում սպառնացել է արտաքսել Թուրքիայի տարածքում անօրինական բնակվող բոլոր հայերին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ Ցեղասպանության բանաձևերի ընդունումն առաջին հերթին կվնասի հայերին», - հայտարարել է Էրդողանը:
Նրա խոսքերով, այսօր Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար հայ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացի:
«Վաղը, եթե հարկ լինի, ես այդ 100 հազարին, որոնց մենք պահում ենք, կասեմ հեռանան մեր երկիրը: Ես դա կանեմ, քանի որ նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում», - սպառնացել է Էրդողանը:
Նշենք նաև, որ մարտի 16-ին Լոնդոնում տեղի է ունեցել Էրդողանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հանդիպումը:
Հանդիպումից անմիջապես հետո Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեք Սթրոուն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը չի ներկայացվի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի քննարկմանը, ինչը նախատեսված էր 2010 թ.-ի ապրիլի 30-ին:-0-
