SELECTORNEWS
Загрузка...

03:25
9/02/2012
Թուրք վարչապետի հայտարարությունները չեն նպաստում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը. ՀՀ վարչապետ
19:50 | 17/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հայտարարությունները չեն նպաստում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և մեզանում 1915 թ.-ի դեպքերի հիշողություններ են արթնացնում, չորեքշաբթի երկրի խորհրդարանում կառավարական ժամի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում սպառնացել է արտաքսել Թուրքիայի տարածքում անօրինական բնակվող բոլոր հայերին: Նրա խոսքերով՝ այսօր Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար հայ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացի:

ՀՀ վարչապետը կարծում է, որ Էրդողանի նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ առայժմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը առանձնահատուկ արդիականություն ունի, իսկ հարցի վերջնական լուծումը Հայոց ցեղասպանության ճանաչումը կլինի հենց Թուրքիայի կողմից: Սարգսյանի կարծիքով՝ լավագույն լուծումը կգտնվի դիվանագիտական խողովակներով, ինչը վկայում է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին:

«Վարչապետ Էրդողանի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում ժողովուրդների ու պետությունների միջև հարաբերությունների բարելավմանը»«- նշեց Սարգսյանը:

Վարչապաետը միաժամանակ ընդգծեց, որ Էրդողանի բերած տվյալները մի քանի անգամ գերազանցում են իրական թվերը:

Միևնույն ժամանակ հայկական կառավարության ղեկավարը կոչ արեց Էրդողանի հայտարարությունները չկապել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի հետ և ասաց, որ «սխալ է ցանկացած իրադարձություն և հայտարարություն արձանագրությունների հետ կապելը»:

«Մեր գնահատականն այն է, որ Թուրքիայի վարչապետի նման հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում հարաբերությունների նորմալացմանը և մեզ հիշեցնում են Հայոց ցեղասպանության փաստերի մասին: Այսպես աշխատելը սխալ է, եթե մենք ազնիվ ենք ու ձգտում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել, հարաբերությունների բարելավումն սկսել ենք առանց նախապայմանների»,- հավելեց Սարգսյանը:   

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»