SELECTORNEWS
Загрузка...


04:52
22/05/2012

Айк  Арутюнян
Երիտասարդ աստղաֆիզիկոսների երրորդ միջազգային ամառային դպրոցը կանցկացվի Հայաստանում սեպտեմբեր-հոկտեմբերին
12:54 | 18/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երիտասարդ աստղաֆիզիկոսների Բյուրականի երրորդ միջազգային ամառային դպրոցը կանցկացվի Հայաստանում 2010թ.-ի սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 3-ը, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

«Մենք արդեն մասնակցության հայտեր ենք ստացել տարբեր երկրները ներկայացնող 40 երիտասարդ աստղագետներից: Դպրոցին մասնակցել ցանկացողները հիմնականում իրանցիներն են», - ասաց աստղադիտարանի տնօրենը:

Նրա խոսքերով, երիտասարդ աստղաֆիզիկոսների առաջին երկու ամառային դպրոցներն անցկացվել են 2006 և 2008 թթ.-ին:

«Սկզբում մենք ցանկանում էինք դպրոցը տարածաշրջանային դարձնել, սակայն մեր եվրոպացի գործընկերները դպրոցի աշխատանքներին մասնակցելու հետաքրքրվածություն և ցանկություն դրսևորեցին», - նշեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ շատ երիտասարդ աստղաֆիզիկոսներ ողջ աշխարհից ամեն տարի գալիս են Բյուրականի աստղադիտարան գիտական աշխատանքների համար:

«Ուրախալի է, որ հայ երիտասարդները ևս հետաքրքրություն են ցուցաբերում աստղագիտության նկատմամբ: Վերջին 5-6 տարվա ընթացքում մեր աստղադիտարանում պարբերաբար կազմակերպվում են միջազգային գիտական կոնֆերանսներ: Եվ դպրոցները, և հայ ուսանողներն ակտիվորեն մասնակցում են դրանց», - ասաց աստղադիտարանի տնօրենը:

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ։ Բյուրականում անցկացվող գիտական ուսումնասիրությունները համաշխարհային ճանաչում են ստացել, դրանց հիման վրա ստեղծվել են աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»