ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բարձր է գնահատել ՀԱՊԿ-ում Հայաստանի դերն ու նշանակությունը:
Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հետ հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է Հայաստանի նախագահության ընթացքում արձանագրված արդյունքները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Բորդյուժան դեսպանին ներկայացրել է ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղությունները, տեղեկացրել կազմակերպության առաջնային խնդիրների և իրականացվելիք ծրագրերի մասին։
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ քաղաքական գործչի և դիվանագետի անցած երկարամյա ուղին և ձեռք բերած փորձը կօգնեն Եսայանին պատասխանատու աշխատանքում և կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և ամրապնդմանը։
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանին հասցեագրված ջերմ խոսքերի համար և հայտնել, որ մեծ ուշադրությամբ հետևում է ՀԱՊ կազմակերպության գործունեությանը և գոհունակությամբ նշել է, որ վերջին ժամանակահատվածում ՀԱՊԿ շրջանակներում արվել է լուրջ աշխատանք, մասնավորապես, կարեւորելով ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման համաձայնագրի ստորագրումը:
Դեսպան Եսայանը բարձր է գնահատել Նիկոլայ Բորդյուժայի ակտիվ և օպերատիվ աշխատանքը ու անձնական ներդրումը ՀԱՊԿ-ում և շնորհավորել է գլխավոր քարտուղարին վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի պետական բարձր պարգևով` Պատվո շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։-0-
