ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն Ռուսաստանի հայերի միության ու Սփյուռքի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Միջոցառումները կանցկացվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի տարածքներում: Կուզենայինք նշել այդ միջոցառումներից կարևորագույնները՝ «Մշակութային ցեղասպանություն» կոչվող սիմպոզիումը, ինչպես նաև մեր հայտնի նկարիչների ցուցահանդեսների կազմակերպումը»,- ասաց նախարարը:
Հակոբյանը հավելեց նաև, որ ՀՀ բոլոր թատրոններում Ցեղասպանության թեմայով ներկայացումներ կբեմադրվեն:
Ծրագրվում է նաև 2,5 մլն ծառերի տունկ, որպեսզի Ցեղասպանության 100-ամյակին դրանք այգիներ դառնան: «Յուրաքանչյուր տնկված ծառ նվիրված կլինի Ցեղասպանության մի զոհի»,- ասաց Հակոբյանը:
Ենթադրվում է, որ ծառատունկը կսկսվի ընթացիկ տարվա ապրիլից
Սփյուռքի նախարարը նշեց, որ միջոցառումների անցկացման աշխատանքների մի մասն արդեն իրականացվում է, իսկ մյուս մասը՝ ծրագրվում:
Նախարարի խոսքերով՝ համաձայնագրի կնքման շրջանակներում ծրագրվում է նաև ՀՀ և ԼՂՀ անկախացման 20-ամյակին նվիրված միջոցառումների անցկացում:
ՀՀ ՍՓյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հինգշաբթի Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության ղեկավարի հետ համագործակցության մասին համաձայնագիր է կնքել: Համաձայնագիրը ներառում է հայապահպանության, հայոց լեզվի, պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդիրներ, համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպում, մրցանակների հանձնում և կրթության, մշակույթի, արվեստի ու լրագրության ոլորտներում լավագույն հաստատություններին նվիրվատվությունների շնորհում: -0-
