ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը հինգշաբթի հայտարարեց, որ Հայաստանում իրեն տանն է զգում: «Ես ձեր միջավայրում ինձ տանն եմ զգում, ոչ թե՝ ինչպես տանը, այլ՝ տանը: Ահա թե ինչ զգացողությամբ եմ ես հեռանում Հայաստանից»,- ասաց պատրիարքը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Պատրիարքը հավելեց նաև, որ իրեն բավական էր նայել ԵՊՀ դահլիճում հավաքվածների դեմքին, բավական էր երեկ հաղորդակցվել հավատացյալ հայ ժողովրդի հետ Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում՝ զգալու համար նրանց հետ ունեցած խորագույն հոգևոր հարազատությունը:
Հինգշաբթի ավարտվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եռօրյա այցը Հայաստան: -0-
