ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս ուղղափառ եկեղեցին կշարունակի խաղաղարար ջանքերն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ, հայտարարեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոն Էջմիածնում պատասխանելով լրագրողների հարցերին Հայաստան կատարած եռօրյա այցի արդյունքում։
Ըստ նրա՝ ՌՈՒԵ քաղաքականությունը ոչ կոնյունկտուրային է։ «Այն կապված չէ այս կամ այն պատրիարքի անձի հետ, այս կամ այն ժամանակի քաղաքական համատեքստի հետ»,- ասաց պատրիարքը՝ պատասխանելով այն հարցին՝ կշարունակի՞, արդյոք, ՌՈՒԵ-ն իր ջանքերը ղարաբաղյան խաղաղ կարգավորման շուրջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այնտեղ, որտեղ տառապում են մեր եղբայրներն ու քույրերը, և կա արյունահեղության վտանգ, այնտեղ են գնում Եկեղեցիներն իրենց խաղաղարար ուղերձով... Եկեղեցին չպետք է կապի իր խաղաղարար ուղերձը որևէ քաղաքական, պրագմատիկ նպատակների հետ»,- հայտարարեց ՌՈՒԵ առաջնորդը։
Պատրիարքի խոսքերով՝ ինքը երջանիկ է, որ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ Կաթողիկոսն ու Ադրբեջանի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշա-Զադեն կիսում են այդ հայացքները։
«Եթե մեզ հաջողվի մեր կրոնական էներգիան հաղորդել քաղաքական գործիչներին ու հասարակությանը, ես վստահ եմ, որ այդ հարցերը խաղաղ և արդար կերպով կլուծվեն՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,- ընդգծեց Կիրիլ Պատրիարքը։ «Մենք կշարունակենք մեր խաղաղարար ջանքերը»,- հավաստիացրեց նա։
Կիրիլ Պատրիարքն իր և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքուր Փաշազադեի անունից հրավիրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցելու ԱՊՀ երկրների միջկրոնական գագաթնաժողովին։ --0--
