ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հայտարարությունը Թուրքիայից հայերի հնարավոր արտաքսման մասին ուղիղ սպառնալիք է կրում, հինգշաբթի լրագրողներին ասաց ԱՊՀ երկրների Ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սպառնացել է արտաքսել Թուրքիայի տարածքում անօրինական բնակվող բոլոր հայերին։ Ըստ նրա, ներկայում Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար մարդ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ։ «Վաղը, եթե հարկ լինի, ես այդ 100 հազարին, որոնց մենք պահում ենք, կասեմ հեռանան մեր երկրից: Ես դա կանեմ, քանի որ նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում», - սպառնացել է Էրդողանը:
«Այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես ուղիղ սպառնալիք, առաջին հերթին այն հայերի նկատմամբ, ովքեր ներկայումս բնակվում են Թուրքիայում»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Մարկարովը։
Ըստ նրա՝ Էրդողանին նախևառաջ պետք էր հարցնել, թե ինչու՞ է Թուրքիայում մնացել ընդամենը 70 հազար հայազգի քաղաքացի, եթե մինչև 1915 թվականը նրանց թիվն անցնում էր 3 միլիոնից։
Խոսելով Թուրքիայում հայ, այսպես կոչված, «անօրինական բնակվողների» հնչեցրած թվի մասին՝ փորձագետը նշեց, որ բազմաթիվ ուսումնասիրությունների տվյալների համաձայն՝ նրանց թիվն իրականում երկու անգամ քիչ է։
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից: --0--
