ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, հինգշաբթի ասաց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում։
«Եկեղեցին ոչ միայն չի կարող ստեղծել իր քաղաքական կուսակցությունն, այլև չի կարող սատարել որևէ կուսակցության։ Եկեղեցին պետք է հեռու մնա քաղաքական բազմակարծությունից, այն պետք է դառնա ժողովրդի կյանքի հիմնարար արժեքների առաջնորդողը»,- նշեց նա։
«Եկեղեցու խնդիրներից մեկը միաբանելն է։ Քաղաքական բազմակարծությունը եկեղեցական գաղափար չէ։ Սրանք բոլորը խաղալիքներ են, պահի նորաձևություն»,- ավելացրեց Պատրիարքն` ընդգծելով, որ ինչ-որ մեկը պետք է մտածի կուսակցություններից բարձր միաբանության մասին, և որ ինչ-որ տեղ մարդիկ պետք է զգան իրենց միաբանությունը։
«Իսկ «Х» ժամին, իսկ որևէ մեկը ապահովագրված չէ «Х» ժամից, որն իր մեջ կարող է մարտահրավեր կրել հենց հասարակության, պետության և ժողովրդի գոյության համար, այդ տարածությունը և կգործի լիարժեքորեն որպես միաբանող ուժ։ Այդպես է եղել ինչպես ռուս ժողովրդի, այնպես էլ հայ ժողովրդի պատմության մեջ»,- նշեց նա։
Իր ելույթում Կիրիլ Պատրիարքն անդրադարձավ նաև ՌՈՒԵ առաքելությանը Ռուսաստանի միասնական հոգևոր տարածության պահպանության վերաբերյալ։
«Ռուս Ուղղափառ Եկեղեցին, շնորհիվ Աստծո ողորմածության, չբաժանվեց 90-ականների քաղաքական իրադարձությունների արդյունքում։ Եվ նա պատասխանատվություն է կրում Սուրբ Ռուսիո միասնական հոգևոր տարածության պահպանության համար, այն նույն Ռուսիո, որը դուրս է եկել Կիևյան մկրտության ավազանից»,- նշեց նա։
Պատրիարքն ավելացրեց, որ միասնական հոգևոր տարածությունը որևէ կապ չունի քաղաքական աշխարհագրության հետ, կարող է համընկնել քաղաքական սահմանների հետ, և կարող է չհամընկնել։
Որպես օրինակ նա բերեց Հայ Առաքելական Եկեղեցին, որի հոգևոր տարածությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով, այլ միաբանում է ողջ աշխարհի հայությանը։ -0-
