ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2010»-ի ազգային ընտրական փուլի հաղթող Եվա Ռիվասը մարտի 23-ին կներկայացնի «Apricot stone» երգի վերջնական տարբերակը, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է երգչուհու պրոդյուսեր, «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Վալերի Սահարյանը:
«Մարտի 22-ին Օսլոյում տեղի կունենա պատվիրակությունների ղեկավարների նստաշրջանը, իսկ մարտի 23-ին պետք է հանձնվեն նյութերի վերջնական տարբերակները (երգը, պլյուս և մինուս գործիքավորումները): Այս ամենից հետո մենք մեծ հաճույքով կներկայացնենք երգը լսարանին», - ասել է Սահարյանը:
Նա նշել է, որ երգը չի փոփոխվել, պարզապես փոքր-ինչ փոխվել է նրա հնչողությունը, երգի ողջ ընթացքը լրացվել է կենդանի կիթառի նվագակցությամբ, բոլոր լարային գործիքիները կենդանի հնչողությամբ են ձայնագրված:
Նա ավելացրել է, որ երգի նոր գործիքավորումը ձայնագրվել է մարտին՝ երկու շաբաթվա ընթացքում Լոնդոնում, Շվեյցարիայում և Մոսկվայում՝ բարձրորակ սարքավորումների օգնությամբ:
«Մեծ փոփոխություններ, որպես այդպիսին, չկան, երգը նույնն է մնացել, պարզապես այն ներծծվել է էներգետիկայով, դարձել ավելի պարային», - իր հերթին նշել է Ռիվասը: Նա ավելացրել է, որ չի կարող ասել, թե երգի որ տարբերակն է ավելի շատ հավանում, քանի որ երգը դուր է գալիս իրեն:
Հայաստանում Եվրատեսիլ մրցույթի ազգային ընտրական փուլի ժամանակ SMS-քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում հաղթող է ճանաչվել Դոնի Ռոստովում բնակվող 22-ամյա երգչուհի Եվա Ռիվասը, ով ներկայացնում է «Apricot stone» երգը:-0-
