ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասյան ընձառյուծների միգրացիայի միջանցքներն անհրաժեշտ է պահպանել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայկական բաժանմունքի մարկեթինգի բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանը:
«Ընձառյուծները մշտապես գաղթում են: Նրանց ուղին սկսվում է Իրանի տարածքից և ավարտվում Հայաստանի Խոսրովի արգելոցում: Տեղափոխման անվտանգության համար կարևոր է պահպանել միգրացիոն միջանցքները՝ պահպանվող տարածքները միացնող ուղիները», - հայտարարեց նա:
Խոյեցյանի խոսքերով՝ այսօրվա դրությամբ մնացել է կովկասյան ընձառյուծների շուրջ 5-7 առանձնյակ, մեծ հաջողություն է պետք բնության մեջ նրանց տեսնելու համար: Նա նաև տեղեկացրեց, որ վերջին տարիներին ընձառյուծի ձագուկների առկայության ապացույցներ չեն գտնվել:
Խոյեցյանի խոսքերով՝ WWF-ի հայկական գրասենյակը հիմնականում ֆինանսավորում է պահպանվող տարածքներում և արգելոցներում որսագողության դեմ պայքարին ուղղված միջոցառումները (մասնավորապես, խմբեր են ստեղծվում այդ տարածքներում վերահսկողությունը ուժեղացնելու համար) և իրականացնում է մոնիտորինգային ծրագրեր:
«Մենք թաքնված տեսախցիկներ ենք տեղադրում ընձառյուծներին հետևելու համար: Վերջին լուսանկարն արվել է 2007 թ.-ին», - տեղեկացրեց WWF-ի հայկական բաժանմունքի նախագահը: Նա նաև նշեց, որ Հիմնադրամն ակտիվորեն զբաղվում է իրազեկության բարձրացմամբ և պահպանվող տարածքների ու համայնքների մոտակայքում հասարակության հետ կապերի հաստատմամբ:
WWF-ի նախագահը նաև ընդգծեց ամենամյա միջոցառումների նշանակությունը, որոնք ուղղված են Հայաստանի բնակչության իրազեկության բարձրացմանը: Դրանց թվում նա նշեց նախորդ տարի կազմակերպված որսագողության մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը, հայկական լանդշաֆտների ցուցահանդեսն ու «Marriott» հյուրանոցում կազմակերպված միամսյակը, որն ուղղված էր ընձառյուծների պահպանման համար միջոցների հավաքագրմանը:
«Այս տարի մայիսի 22-ին՝ կենսաբազմազանության միջազգային օրը, մենք կազմակերպելու ենք հասարակության իրազեկության բարձրացման ծրագրի եզրափակիչ փուլը: Մեծ միջոցառում է ծրագրված Երևանի բուսաբանական այգում՝ դպրոցականների մասնակցությամբ», - տեղեկացրեց Խոյեցյանը:
Վայրի բնության միջազգային հիմնադրամի (WWF) կովկասյան գրասենյակը (Վրաստան) և հայկական բաժանմունքը 2008 թ.-ից իրականացնում են «Հարավային Կովկասում (Հայաստան, Ադրբեջանի, Վրաստան) ընձառյուծների պահպանություն» ծրագիրը: Այն ավարտվում է 2010 թ-ին: Ծրագրին բյուջեն կազմում է 72,1 հազար CHF:
Ծրագրի նպատակն է դրական միտումների պահպանումն ու ապահովումը՝ անհետացման եզրին գտնվող ընձառյուծների պոպուլյացիայի համար:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) աշխարհում խոշորագույն բարեգործական կազմակերպություններից է, որը հիմնադրվել է 1961 թ.-ին։ Հիմնադրամի ավելի քան հինգ հազար աշխատակից կա ավելի քան հարյուր երկրում։ Յուրաքանչյուր տարի WWF-ն իրագործում է ավելի քան 1200 բնապահպանական նախագիծ՝ միլիոնավոր մարդկանց ուշադրությունը հրավիրելով շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին և դրանց լուծմանը։
WWF-ի գրասենյակը Երևանում հիմնվել է 2001 թ.-ին, իսկ 2006 թ.-ից գործում է որպես WWF-ի հայկական մասնաճյուղ։--0—
