ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Դաշնակցությունը կոչ է անում բոլոր հայ հայրենակիցներին անհապաղ լքել Թուրքիայի տարածքը, ուրբաթ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սպառնացել է արտաքսել Թուրքիայի տարածքում անօրինական բնակվող բոլոր հայերին։ Ըստ նրա, ներկայում Թուրքիայում բնակվում է շուրջ 170 հազար մարդ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ։ «Վաղը, եթե հարկ լինի, ես այդ 100 հազարին, որոնց մենք պահում ենք, կասեմ հեռանան մեր երկրից: Ես դա կանեմ, քանի որ նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում», - սպառնացել է Էրդողանը:
«Խորհուրդ եմ տալիս բոլոր հայերին, ովքեր այս կամ այն պատճառներով հայտնվել են Թուրքիայում, անհապաղ լքել այդ երկիրը, քանի որ հասկանալի է, թե ում հետ մենք գործ ունենք և հասկանալի է, թե նման բարձր կառույցներում հնչած սպառնալիքները կարող են որոշ տարրերի կողմից դիտարկվել որպես հակահայկական գործողություններ սկսելու ազդանշան»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Էրդողանի հայտարարությունը հայերի արտաքսման վերաբերյալ ցույց է տալիս, թե ինչ արժե ժողովրդավարությունը Թուրքիայում։
Հովհաննիսյանն ասաց, որ պահի թելադրանքով Թուրքիայի վարչապետը «կորցրեց իր դիմակը, և աշխարհը տեսավ նրա իրական դեմքը»։
Ինչպես նշեց պատգամավորը, իմանալով, թե ինչպիսի երկրի և հասարակության մասին է խոսքը՝ ինքը նախազգուշացնում է հայ հայրենակիցներին զգոն լինել և հնարավորության դեպքում արագ հեռանալ Թուրքիայից։
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-
