ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան շահարկում է Ղարաբաղի մասին Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները՝ օգտագործելով դա որպես հայ-թուրքական արձանագրությունների չվավերացման արդարացում, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, խորհրդարանի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:
Զոհրաբյանի խոսքերով` ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները ավելի շատ ներքին կարգով շահարկվում են Թուրքիայի կողմից, ոչ թե Ադրբեջանի, որպեսզի հայ-թուրքական կարգավորման գործընթացը խափանվի:
Ընդ որում նա նշեց, որ Թուրքիան կարող է նաև առանց արձանագրությունների վավերացման բացել հայ-թուրքական սահմանը: «Սահմանը կարող է բացվել նաև առանց արձանագրությունների վավերացման, քանի որ դրա փակումը եղել է բացառապես թուրքական նախաձեռնությամբ, և այն կարող է բացվել միայն Թուրքիայի ցանկությամբ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
