ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան հակված չէ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, երեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջեմ Տոկերը:
«Դժվար թե արձանագրությունները վավերացվեն: Այս պահին դրանք սառեցված են: Թուրքիան հակված չէ դրան», - հայտարարեց Տոկերը:
Նրա խոսքերով՝ դա կապված է մի շարք գործոնների հետ: Առաջին հերթին՝ այն բանի հետ, որ վարչապետ Էրդողանը վավերացումը կապեց ղարաբաղյան հակամարտության հետ:
«Թուրքիայում շատ ավելի լավ են վերաբերվում ադրբեջանցիներին, քան հայերին: Ադրբեջանական լոբբին մեզ մոտ այնքան ուժեղ է, որքան հայկականը ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում», - ասաց Տոկերը:
Նա նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման հարցում բարդությունը նաև իշխանությունների քաղաքականության հաջորդականության և թուրքական հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպերի մեջ է, որոնք կապված են ASALA կազմակերպության (Հայաստանի Ազատագրման Հայկական Գաղտնի Բանակ (Armenian Secret Army For The Liberation Of Armenia)) գործունեության և մի շարք երկրներում Ցեղասպանության ճանաչման հետ:
Նա նաև նշեց, որ կառավարությունը որպես պատճառաբանություն օգտագործում է արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշումը:
ՀՀ Սահմանադրական դատարանը 2009թ. հունվարի 12-ին երկրի Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» ու «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները, միաժամանակ փաստել է, որ արձանագրությունների առաջնահերթ դրույթն է հայ-թուրքական սահմանի փաստացի բացումը, և մյուս բոլոր պարտավորությունները ձեռք են բերում իրավական ուժ միայն բաց սահմանների առկայության դեպքում:
Տոկերը նշեց, որ իրավիճակը բարդացավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունմամբ:
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար: Մարտի 11-ին Ցեղասպանության փաստը ճանաչեց նաև Շվեդիայի խորհրդարանը:
Միաժամանակ նա նշեց, որ եթե նույնիսկ Հայաստանի հետ սահմանների բացումը Թուրքիային ոչինչ չտա, ինքը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և բարելավման գործընթացին:
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ:-0-
