SELECTORNEWS
Загрузка...

03:33
9/02/2012
Дан Малан
Երևանում կցուցադրվի Դան Մալանի գրքի մոտիվներով նկարահանված «Արյունոտ կիրակի» ֆիլմը
18:08 | 23/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Դան Մալանի «Ես «արյունոտ կիրակիի» վկան եմ» ստեղծագործության մոտիվներով նկարահանված «Արյունոտ կիրակի» բրիտանաիռլանդական համատեղ ֆիլմը՝ հիմնված իրական դեպքերի վրա, այսօր կցուցադրվի Երևանում բրիտանական կինոյի ութերորդ փառատոնի շրջանակներում:

«1997 թ.-ին ես գրեցի «Ես «արյունոտ կիրակիի» վկան եմ» գիրքը: Այն միանգամից բեստսելլեր դարձավ, և հենց այս գրքին է վերագրվում բրիտանական կառավարության կողմից «արյունոտ կիրակիի» կրկնակի հետաքննության կարևորագույն դերը»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Մալանը:

Ֆիլմը պատմում է Հյուսիսային Իռլանդիայի Դերի քաղաքում «արդյունոտ կիրակիի» դեպքերի մասին, երբ «Քաղաքացիական իրավունք» շարժման ազգությամբ իռլանդացի 13 խաղաղ մասնակիցները գնդակահարվեցին բրիտանացի զինվորների կողմից:

Գրքի հեղինակի խոսքերով՝ ֆիլմի ստեղծող, ռեժիսոր Պոլ Գրիգրասը և գլխավոր պրոդյուսեր Մարկ Լեթեդը, որոնք երկուսն էլ ազգությամբ անգլիացի են, այնքան են ցնցվել Մալանի գրքով, որ անմիջապես կապվել են իր հետ ու առաջարկել համատեղ աշխատել: 

««Քաղաքացիական իրավունք» շարժումը ոչնչացվել է «արյունոտ կիրակիի» արդյունքում: Ես իսկապես մասնակցել են «Քաղաքացիական իրավունք» շարժման խաղաղ երթին, երբ 15-ամյա տղա էի: Այդ օրը ես բազմաթիվ մարդկանց սպանության ու վնասվածքներ ստանլու ականատես դարձա: Ես գիտեմ, որ երթի մասնակիցները զինված չէին, և գիտեմ, որ նրանք բրիտանացի զինվորների զոհը դարձան: Ցավով պետք է նշեմ, որ բրիտանական կառավարությունը անմիջապես կոծկեց այդ իրադարձությունը»,- ասաց Մալանը:

Ըստ նրա՝ ինքը ուրախ է նշել, որ վերջին երկու տասնամյակում դրական շարժ է նկատվում բրիտանաիռլանդական հարաբերություններում:

Մալանը հատուկ ընդգծեց Թոնի Բլեյերի դերը «արյունոտ կիրակիի» հետաքննության վերսկսման հարցում և բարձր գնահատեց բրիտանական վարչապետի գործունեությունը բրիտանաիռլանդական փոխհարաբերությունների հաստատման գործում:

Նա հայտնեց նաև, որ Հայաստանում է գտնվում առաջին անգամ և Երևանի բրիտանական կինոյի ութերորդ փառատոնին կներկայացնի ծրագրում ընդգրկված  երկու ֆիլմ «Արձագանքներ: Ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից» - «Արյունոտ կիրակի» և «Դրախտային հինգ րոպե»: 

Դան Մալանը հայտնի հասարակական գործիչ է և մեդիա-պրոդյուսեր, մի շարք գրքերի ու վավերագրական ֆիլմերի հեղինակ ու խմբագիր, հանդես է եկել որպես այնպիսի ֆիլմերի պրոդյուսեր, ինչպիսիք են «Արյունոտ կիրակին», «Օմագը» և «Դրախտային հինգ րոպեն»:

2002 թ.-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Մարդկային արժանապատվության պաշտպանի կոչում է ստացել: 2003 թ.-ին Մալանին իռլանդական եղբայրության կողմից Շոն Մակ Բրայդի հինավուրց իռլանդական մարդասիրական շքանշան է շնորհվել: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»