SELECTORNEWS
Загрузка...


05:20
22/05/2012

Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից ուժի կիրառման միջոցներից մեկն է. Սարգսյան
20:00 | 23/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման մի միջոց, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում: 

Ըստ նրա՝ այդ սահմանի փակ լինելու գինը շատ ավելի մեծ է քաղաքական հարթության մեջ՝ հաշվի առնելով թե՛ տարանցիկ ուղիների սակավությունը, թե՛ Հայաստանից դեպի Միջերկրական ծով տանող երկաթգծի անգործությունը::

«Մեր պետությունների միջև առկա է հսկայական չօգտագործված ներուժ: Սահմանի բաց լինելը կարող էր մեծ նշանակություն ունենալ նաև այլ երկրների, այդ թվում` Սիրիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության առումով՝ լինի դա արդյունաբերության, առևտրի, թե ծառայությունների մատակարարում»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

«Բայց, կարծում եմ, որ այդ սահմանի փակ լինելու գինը շատ ավելի մեծ է քաղաքական հարթության մեջ: Շրջափակումը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման միջոցներից մեկը: Դա ոչ միայն վայել չէ 21-րդ դարում ապրող երկու հարևան պետություններին, այլև հակասում է ՄԱԿ-­ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի»,- մամուլի ծառայությունից մեջբերեցին երկրի ղեկավարի խոսքերը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան ավելի ու ավելի շատ է փորձում դերակատարում ստանձնել տարածաշրջանում և միջազգային հարթակում: Նա հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և 20-ի խմբի անդամ, ձգտում է անդամակցել Եվրոպական Միությանը:

«Այդ ամենն անհամատեղելի է զարգացող տնտեսություն ունեցող հարևան երկրի նկատմամբ միակողմանի տնտեսական պատժամիջոցներ գործադրելու հետ»,- նշեց Սարգսյանը:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: --0--

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»