ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդը մտադիր է հայաստանցի իր գործընկերներին և տուրիստական գործակալությունների ղեկավարներին հրավիրել Լիբանան՝ համագործակցության հնարավոր մեխանիզմները քննարկելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախօրեին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում լիբանանցի նախարարը նման այց կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել:
Նախարարը բարձր է գնահատել հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունն ու դերակատարությունը Լիբանանի քաղաքական և հասարակական կյանքում:
Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Լիբանանի բարեկամական հարաբերություններն ու Բեյրութի և Երևանի միջև օդային ուղիղ կապի առկայությունը լավ հնարավորություն են ստեղծում փոխայցելությունների իրականացման, տուրիստական փաթեթների պատրաստման, գործարար համաժողովների, մշակութային օրերի կազմակերպման ու անցկացման համար: -0-
