ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Արմավիա» հայկական ավիաընկերության ինքնաթիռում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներն ազգությամբ պարսիկներ են, ծեծկռտուքի պատճառով Երևան-Դուբայ չվերթը հետաձգվել է, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Պարզվել է, որ ազգությամբ պարսիկ յոթ ուղևոր թռիչքից առաջ օդանավում ծեծկռտուք են հրահրել, հայհոյել միմյանց և մոտ 5-8 րոպե դրսևորել խուլիգանական վարքագիծ», - ասվում է տեղեկատվության մեջ:
Ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Կատարվում է քննություն:
Նախօրեին «Արմավիա» ավիաընկերության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ չվերթը հետաձգվել է ութ ուղևորների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով:
Համապատասխան ծառայությունների զննումից հետո մեկ ժամ անց չվերթը բարեհաջող իրականացվել է:-0-
