ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Շվեդական խորհրդարանը բավականաչափ պատմական հիմքեր ունի Հայոց Ցեղասպանության մասին բանաձև ընդունելու համար, չորեքշաբթի Երևանում հայտարարեց Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության քրիստոնեական թևի ղեկավար Պետեր Վեյդրուդը:
«Մեր կարծիքով բավականաչափ պատմական հիմքեր կան 1915 թ.-ի դեպքերը Ցեղասպանություն որակելու համար: Շվեդիայի խորհրդարանը պատմություն չի գրում, այն հայտարարում է իր որոշման մասին արդեն գրված և ուսումնասիրված պատմության հիման վրա»,- հայտարարեց Վեյդրուդը:
Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանության փաստը:
Նա ընդգծեց, որ հարցի քննարկման ընթացքում ուսումնասիրվել են ոչ միայն հայ ու թուրք պատմաբանների (որոնց շրջանում ևս կան Ցեղասպանության փաստը ճանաչողները), այլև անկախ փորձագետների աշխատանքները:
Վեյդրուդը նշեց նաև, որ Հայոց Ցեղասպանության քաղաքական ճանաչման համար խոչընդոտներ չկան:
«Կարևոր է այդ իրադարձությունների օբյեկտիվ գնահատականը: Որքան մենք ավելի ձգձգենք, այնքան վատ»,- ասաց քաղաքական գործիչը՝ նշելով, որ զոհերի համար կարևոր է, որ աշխարհն իմանա ու ճանաչի ողբերգությունը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-
