ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի փորձագետները, նախկին դեսպաններն ու պաշտոնատար անձինք Հայաստանից և Թուրքիայից մարտի 25-26-ին Երևանում կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունները:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամից, քննարկումները կազմակերպվել են հիմնադրամի կողմից թուրքական GPOT (Global political trends center) կազմակերպության հետ համատեղ Ստամբուլի Մշակույթի համալսարանում USAID ֆինանսական աջակցությամբ:
Քննարկումները «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա քայլեր» ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորում է USAID-ն և ուղղված է հայկական ու թուրքական ոչ կառավարական կազմակերպությունների, տեղեկատվական ու գործարարական օղակների միջև կապերի հաստատմանն ու փոխըմբռնման զարգացմանը:
Հանդիպումների ընթացքում մասնակիցները կանդրադառնան ոչ այնքան հայ-թուրքական արձանագրություններին, որքան կփորձեն վերլուծել երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները:
Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-
