SELECTORNEWS
Загрузка...


05:41
22/05/2012

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթացը կզարգանա այլ գործոններից անկախ. ԵԱՀԿ
14:00 | 26/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի  հարաբերությունների նորմալացման գործընթացը, ըստ ամենայնի, կզարգանա այլ գործոններից անկախ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը՝ մեկնաբանելով ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի հնարավոր ազդեցությունը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի վրա։

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին ընդունեց №252 բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ ջանքեր գործադրել մարդու իրավունքներին և ազատություններին, էթնիկ զտումներին և Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին արժանի լուծում տալու համար:

«Այդ գործընթացը, որն, ըստ էության, երկկողմանի է և կախված կողմերից յուրաքանչյուրի քաղաքական կամքից, միջազգային հանրության մեջ իրենց դերի տեսլականից և հիմնվում է Հայաստանի ու Թուրքիայի ազգային շահերի վրա, ըստ ամենայնի, կզարգանա այլ գործոններից անկախ»,- ասաց Կապինոսը։   

Դեսպանի խոսքերով՝ ԵԱՀԿ անդամ-երկրների միջև հարաբերությունների նորմալացումը ԵԱՀԿ առաջնահերթ խնդիրներից մեկն է, «որը զգալիորեն նպաստում է հարավկովկասյան տարածաշրջանում այսօրվա դրությամբ փխրուն անվտանգության համակարգի ամրապնդմանը»։

Սրան զուգահեռ Կապինոսը հույս հայտնեց, որ «հայ-թուրքական արձանագրություններում արտացոլված «ցյուրիխյան ոգին» կպահպանվի»։

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»