ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 28-ին նշվող Ծաղկազարդի հիմնական գաղափարը Քրիստոսի գալուստն է, նրա մշտական ներկայությունը, հատկապես այն ժամանակ, երբ հավատացյալը հուսահատության մեջ է, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Արարատյան Հայրապետական Թեմի քահանա Տեր Տաճատ Դավիդյանը:
Ըստ նրա, Քրիստոսի Հարությունն իր հերթին Քրիստոնեության հիմքն է, «քանզի, եթե չհավատանք Քրիստոսի Հարությանն, ապա ինչի՞ համար է պետք հավատքը»։
«Ծաղկազարդը նվիրված է այն օրվան, երբ Քրիստոսը մտավ Երուսաղեմ իր խաչելությունից և հարությունից առաջ։ Բոլոր չորս Ավետարաններում հիշատակվում է այն մասին, որ Հիսուսը մտավ, և մարդիկ դիմավորեցին նրան ձիթենու ճյուղերով»,- ասաց քահանան։
Նա ասաց, որ ծայրահեղ հուսահատության մեջ և Մեսիային սպասող մարդիկ միանգամից հավատացին՝ տեսնելով Քրիստոսի գալուստը։
Քահանայի խոսքերով, Ծաղկազարդին տարբեր երկրներում օծում են այդ տարածքում առավել տարածված բույսերը։ Այսպես, Հայաստանում եկեղեցականներն օծում են ուռենու ճյուղերը, Երուսաղեմում՝ ձիթենու ճյուղերը, իսկ Ամերիկայում՝ արմավենու ճյուղերը։
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո՛ւն, Դավթի որդունե (Մատթ. 21:15):
Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներումե (Մարկ. 10:9-10): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:
Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:
