ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած հայուհիների կյանքին ոչինչ չի սպառնում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը։
ԱԻՆ տվյալներով, պայթյունի ժամանակ տուժել են 18-ամյա Հասմիկ Ժորայի Մարտիրոսյանը, ով տեղափոխվել է Մոսկվայի թիվ 36 քաղաքային հիվանդանոց, և 55-ամյա Աննա Հովհաննեսի Փորքշեյանը։ Նա տեղափոխվել է թիվ 64 քաղաքային հիվանդանոց։
«Երկրորդ տուժածին, ով ոտքի բեկորային վնասվածք էր ստացել, վիրահատել են։ Սակայն երկու կանանց ստացած վնասվածքները նրանց կյանքին չեն սպառնում»,- ասաց Բալայանը։
Ըստ նրա, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն արդեն այցելել է երկու տուժածներին։
Բալայանը նշեց, որ երկու կանայք էլ Ռուսաստանի քաղաքացիներ են։
Երկուշաբթի առավոտյան մետրոյի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում պայթյուններ են տեղի ունեցել։ Վերջին տվյալներով, զոհվել է 37 մարդ, հոսպիտալացվել են 65-ը։ Հարուցվել է երկու քրեական գործ ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 3-րդ մասով (ահաբեկչություն)։ -0-
