SELECTORNEWS
Загрузка...

21:31
8/02/2012
Հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները Հայաստանի վրա գործադրվող ճնշման մի մասն են. փորձագետ
19:05 | 29/ 03/ 2010

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի՝ վերջին ժամանակներում հաճախակի դարձած խախտումները Հայաստանի վրա գործադրվող ճնշման մի մասն են, կարծում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

«Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցային գործընթացում Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշման նպատակաուղղված քաղաքականություն է իրականացնում»,- նշեց նա։

Փորձագետի խոսքերով, բանակցային գործընթացին զուգահեռ, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ այդ նպատակով օգտագործելով ինչպես երկրի բարձրագույն ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, այնպես էլ հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակիացումը։

Սաֆրաստյանն ընդգծեց նաև, որ Հայաստանն ամեն դեպքում պետք է պատրաստ լինի պատերազմի, նույնիսկ եթե հրադադարի ռեժիմի՝ հաճախակի դարձած խախտումները պատերազմի հնարավոր վերսկսման ցուցանիշ չեն։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երկուշաբթի հայտնել է, որ ադրբեջանցի զինծառայողները մարտի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում ավելի քան 100 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»