ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Ընդունեք իմ խորին ցավակցությունը Մոսկվայի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ։ Ողբերգական այս իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են ահաբեկչության բարբարոս ու անմարդկային դրսևորումների, ինչպես նաև հանցագործության համար անխուսափելի և անողոք հատուցման անհրաժեշտության մասին», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Սարգսյանի խոսքերը ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
«Այս ծանր օրերին Ձեզ հետ կիսում եմ վաղաժամ հեռացածների վիշտն ու կսկիծը և զոհվածների հարազատներին և մտերիմներին եմ հղում անկեղծ ցավակցության և կարեկցանքի խոսքեր», - ասվում է հեռագրում:
Երկուշաբթի առավոտյան մետրոյի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում պայթյուններ են տեղի ունեցել։ Վերջին տվյալներով, զոհվել է 37 մարդ, հոսպիտալացվել են 65-ը։ Հարուցվել է երկու քրեական գործ ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 3-րդ մասով (ահաբեկչություն)։ -0-
