ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 31-ին նշում է Ավագ Չորեքշաբթին: Ինչպես հիշեցնում է Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական համակարգը, Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը (Մատթ. 26:14-16):
Սուրբ Զատկից վեց օր առաջ Հուդան առաջարկում է քահանայապետերին մատնել Հիսուսին։ Մեղավոր կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում։ Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանն ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի նրա հիշատակի համար»:
Կնոջ կողմից Հիսուսի օծումը կանխանշում էր նրա թաղվելը: «Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց», - ասում է Քրիստոսը։
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո ունեցած սերն ու վստահությունը և, հիշելով մարդկության համար նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն։-0-
