SELECTORNEWS
Загрузка...

22:47
8/02/2012
ՏՏ, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, գիտության ոլորտներում Հայաստանի հետ փոխգործակցության լուրջ հեռանկարներ կան. դեսպան
18:18 | 02/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, գիտության ոլորտներում Հայաստանի հետ փոխգործակցության լուրջ հեռանկարներ կան` նկատի առնելով, որ, հատկապես ՏՏ ոլորտում Կորեան մեծ փորձ ունի, ասել է Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Յոուն-հոյը, ով այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Իմ երկրի կառավարությունում ես եղել եմ Գիտատար տնտեսության նախարար: Մենք լուրջ նշանակություն ենք տալիս գիտության զարգացմանն ու նորամուծություններին, և ես այժմ` իբրեւ դեսպան, կանեմ ամեն հնարավորը, որպեսզի այդ ոլորտում Հայաստանի հետ զարգանա փոխշահավետ գործակցություն», - ասել է դեսպան Լի Յոուն-հոյը:

Նորանշանակ դեսպանը նաեւ նշել է, որ Հայաստանը եւ Կորեան ունեն բազմաթիվ ընդհանրություններ: Մասնավորապես, լինելով սակավ բնական ռեսուրսներով երկրներ, ձգտում են որակյալ մարդկային ռեսուրսի շնորհիվ զարգացնել գիտությունը եւ դրա հիման վրա` տնտեսությունը: Կորեայի դեսպանը ընդհանրություններ է տեսել նաեւ երկու ժողովուրդների` դժվարություններով ու փորձություններով լի պատմության ընթացքի մեջ:

Այժմ էլ, ըստ դեսպանի, տարածաշրջանում անհանգիստ վիճակ է, եւ իր երկիրը հասկանում է ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված մտահոգություններն ու դժվարությունները` օժանդակելով հակամարտության խաղաղ կարգավորմանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման ջանքերին:

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը` անկողմնակալ դիրքորոշման համար, որն արտահայտվում է նաեւ ՄԱԿ-ում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում այդ երկրի մոտեցումներով:-0- 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»