SELECTORNEWS
Загрузка...

04:08
9/02/2012
Հայաստանի հաջողություններն ու ձեռքբերումները պետք է ներկայացվեն սփյուռքին. Գլենդեյլի քաղաքապետ
20:01 | 06/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը նշել է, որ անհրաժեշտ է Սփյուռքի հայ համայնքներին համակողմանիորեն ներկայացնել Հայաստանի հաջողություններն ու անցած տարիների ձեռքբերումները, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նաջարյանը, ով Հայաստանում է գտնվում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով, նշեց, որ 2003 թ. Հայաստան կատարած իր վերջին այցելությունից հետո Հայաստանում դրական տեղաշարժեր են կատարվել։

Իր հերթին, ողջունելով հյուրին` վարչապետը կարևորել է Գլենդեյլի հայ համայնքի դերը։ Զրուցակիցներն անդրադարձել են հայապահպանության խնդիրներին և այդ համատեքստում ընդգծել Սփյուռքի նախարարության գործունեության կարևորությունը։

Առանձնացվել է «Արի տուն» ծրագիրը` որպես հայրենաճանաչությանն ուղղված հաջողված ծրագիր։

«Արի տուն» ծրագիրը մշակվել է 2009թ.-ին Հայաստռանի սփյուռքի նախարարության կողմից։ Ծրագրում ընդգրված են 14-25 տարեկան հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ Հայկական սփյուռքի շուրջ 100 երիտասարդ ներկայացուցիչներ՝ Վրաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, Սիրիայից, Կանադայից և ԱՄՆ-ից, մեկ շաբաթ առաջ 14 օրով Հայաստան են ժամանել՝ 2010թ.-ի ծրագրի առաջին փուլի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և առևտրի բնագավառներում գործակցության խորացման հարցեր։

Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել Հայ-ամերիկյան առևտրի պալատի և Զարգացման հայկական գործակալության ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջև շփումների ակտիվացումը։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»