SELECTORNEWS
Загрузка...

04:18
9/02/2012
Հայաստանը բարձր է գնահատում Շվեյցարիայի միջնորդական ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում
18:11 | 09/ 07/ 2010

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը բարձր է գնահատում Շվեյցարիայի միջնորդական ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեյցարիայի արտաքին գործերի պետքարտուղար Պետեր Մաուրերի հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Շվեիցարիայի ԱԳ պետքարտուղարը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ:

Այդ ենթատեքստում հյուրի խնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Պետեր Մաուրերը այցելեց նաև ԱԳՆ դիվանագիտական դպրոց, ուր հանդես եկավ Շվեյցարիայի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-շվեյցարական  համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է,  պահպանվում է ակտիվ քաղաքական երկխոսություն` ինչպես երկկողմ հանդիպումների ձեւաչափով, այնպես էլ միջազգային ատյանների շրջանակներում:

Շվեյցարիայի ԱԳ պետքարտուղարը վստահեցրեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հաստատված բարեկամական համագործակցության ընդլայնման, եւ դրանով էր պայմանավորված Երևանում շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»