ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի իշխանությունների՝ Ջավախքի հայաթափման նոր քաղաքականությունը փաստորեն «սպիտակ եղեռն» է, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
«Այն, ինչ վերջին ժամանակներս տեղի է ունենում վրացական իշխանությունում, անցնում է բոլոր սահմանները: Ես կարող են դա անվանել հայաթափման նոր քաղաքականություն կամ «սպիտակ եղեռն»», - հինգշաբթի լրագրողներին ասաց Թորոսյանը: Նրա խոսքերով՝ դա «հայրենի օջախից մարդկանց դուրս հանելու և ազգային ինքնության կորստի քաղաքականություն է»:
Վրացական իշխանությունների խտրականական գործողությունների թվում «Ջավախք» միության ղեկավարը նշեց հայոց լեզվի և հայոց պատմության ուսուցիչների, ազգային ինքնության, լեզվի և մշակույթի պահպանման կողմնակիցների «սև» ցուցակի կազմումը:
Թորոսյանի խոսքերով՝ բոլոր այս մարդիկ ազատվել են աշխատանքից և զրկված են Վրաստանի տարածքում որևէ այլ աշխատանք ստանալու հնարավորությունից:
Պատգամավորը նշեց նաև, որ Ջավախքում բնակվող հայոց լեզվի և հայոց պատմության մասնագետները զրկված են Հայաստանում որակավորման բարձրացման դասընթացներ անցնելու հնարավորությունից:
Թորոսյանը նաև նշեց, որ Ջավախքի հայկական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը հասցված են նվազագույնի:
«Այժմ ավագ դպրոցում հայոց լեզու դասավանդվում է շաբաթական 2 ժամ, այսինքն հինգ անգամ քիչ, քան ԽՍՀՄ-ի ժամանակներում և երկու անգամ քիչ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին տարիների համեմատ», - ասաց պատգամավորը:
Թորոսյանը նշեց, որ վրացական իշխանությունների նման գործողությունների նպատակն է արմատախիլ անել հայոց լեզուն՝ որպես տեղի հայերի տարածքային, շփման, մշակութային լեզու: Նրա խոսքերով՝ հայոց լեզուն Ջավախքում պետք է պետական երկրորդ լեզու ճանաչվի:
Այս ամենի կապակցությամբ պատգամավորն ընդգծեց, որ ջավախահայերի հարցը պետք է առաջին տեղը զբաղեցնի Հայաստանի իշխանությունների օրակարգում: «Այս խնդրի լուծման համար պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել բոլոր մակարդակներում՝ սկսած միջկառավարական մակարդակից ընդհուպ մինչև Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև քննարկումը», - հայտարարեց Թորոսյանը:-0-
