ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 11-17-ը «Հայաստան 2010» տարերային աղետներին հակազդելու ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում Թուրքիան, հնարավոր է, ժամանակավորապես բացի Հայաստանի հետ սահմանը, «Թրենդ» ադրբեջանական գործակալությանն է ասել Թուրքիայի արտգործնախարարության Եվրասիայի երկրների դեպարտամենտի ղեկավար Մեհմեթ Ֆաթիհ Ջեյլանը:
«Եթե ՆԱՏՕ-ն Հայաստանում նախատեսված զորավարժությունների համար Թուրքիայի տարածքով ռազմատեխնիկական սարքավորումներ տեղափոխեր, ապա Անկարան չէր տա իր համաձայնությունը: Հաշվի առնելով այն, որ զորավարժություններն անցկացվելու են ԱԻՆ-ի շրջանակներում, ապա, առավել հավանական է, որ Թուրքիան ժամանակավորապես բացի Հայաստանի հետ սահմանը՝ միայն զորավարժությունների համար անհրաժեշտ ՆԱՏՕ-ի սարքավորումները տեղափոխելու նպատակով», - ասել է Ջեյլանը:
Նրա խոսքերով՝ եթե Թուրքիան չհամաձայնվի, որ իր սահմանով անցնի ՆԱՏՕ-ական պահակախումբը, ապա ՆԱՏՕ-ի զորավարժությունները կարող են չեղյալ համարվել:
«Տեսականորեն Թուրքիան կարող է թույլ չտալ և չբացել սահմանը անհրաժեշտ սարքավորումների տեղափոխման համար: Սակայն դրանք ԱԻՆ զորավարժություններ են՝ տարերային աղետների դեմ պայքարին նախապատրաստվելու համար, որոնք ռազմական բնույթ չեն ունենալու», - ասել է թուրք դիվանագետը:
«Սցենարն այսպիսին է՝ Հայաստանում տեղի է ունենում երկրաշարժ, և ՆԱՏՕ-ի ուժերն ուղևորվում են Հայաստան՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու», - պարզաբանել է Ջեյլանն՝ ավելացնելով, որ նմանատիպ զորավարժությունների անցկացման համար Թուրքիան, որպես դաշինքի անդամ, չի կարող թույլ չտալ ՆԱՏՕ-ական պահակախմբին անցնել իր սահմանով:
Սակայն նրա խոսքերով՝ այս քայլը չի խոսում այն մասին, որ Թուրքիան պաշտոնապես կբացի Հայաստանի հետ սահմանը:
Վերջին երկու տարվա ընթացքում առաջընթաց է նկատվել հայ-թուրքական հարաբերություններում, որը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, որի շրջանակներում 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունը»: Սակայն Թուրքիան պարբերաբար տարբեր առիթներով ձգձգում էր արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչի հետևանքով Հայաստանը ապրիլին կասեցրեց փաստաթղթերի վավերացման գործընթացը:-0-
