ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևան-Գյումրի մայրուղու վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել, ևս երեք Վրաստանի քաղաքացի և Երևանի մեկ բնակչուհի մարմնական վնասվածքներ են ստացել, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիաե գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:
Տեղեկատվության համաձայն, ավտոճանապարհի 81-րդ կիլոմետրում դեռևս չպարզված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել:
Պատահարի հետևանքով մեքենայի ուղևոր, Վրաստանի Հանրապետության Ախալքալակի քաղաքի բնակիչ, 50-ամյա Արամ Աբաջանյանը տեղում մահացել է:
Մեքենայի վարորդը` Վրաստանի Հանրապետության Ախալքալակի քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Գրիգոր Աբաջանյանը և ուղևորներ` նույն քաղաքի բնակիչներ, 49-ամյա Լուսինե և 26-ամյա Լիաննա Աբաջանյանները ու Երևանի բնակիչ, 25-ամյա Նաիրա Արամյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Թալինի հիվանդանոց:
Լիանա Աբաջանյանը և Նաիրա Արամյանը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Գրիգոր և Լուսինե Աբաջանյանները տեղափոխվել են համապատասխանաբար` Երևանի «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ:
Ըստ բժիշկների, տուժածների վիճակը միջին ծանրության է:-0-
