SELECTORNEWS
Загрузка...


22:35
22/05/2012

Ադրբեջանցի ազգայնականները փորձել են այրել Հայաստանի և Ռուսաստանի դրոշները
13:29 | 25/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները փորձել են նախօրեին Բաքվում ՌԴ-ի դեսպանատան շենքի մոտ կազմակերպված չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ այրել Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ակցիան ուղղված է եղել պաշտպանության ոլորտում կնքված հայ-ռուսական նոր համաձայնագրերի դեմ:

Oգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի (մինչև 2046 թվականը՝ 1997 թ.-ին համաձայնագրի վավերացման պահից սկսած): Ինչպես օգոստոսի 20-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փոփոխություններով ոչ միայն երկարացվել է ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը, այլև ընդլայնվել է դրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ոստիկանությունը խափանել է չարտոնված ակցիայի փորձը՝ այնուամենայնիվ թույլ տալով մասնակիցներին ընթերցել բանաձևն ու տեքստը փոխանցել ռուսական դեսպանատանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-  

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»