ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Անկարան կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը խոչընդոտող հոգեբանական, քաղաքական և աշխարհաքաղաքական պատնեշների հաղթահարմանը, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է թուրքական «Սթար» թերթը։
«Մենք Կովկասը դիտարկում ենք որպես միասնական ամբողջականություն և հավատարիմ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեր քաղաքական կամքին։ Մենք ցանկանում ենք, որպեսզի սահմանի բացմանը խոչընդոտող բոլոր պատնեշները վերացվեն»,- թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքն է մեջբերում թերթը։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Դավութօղլուն ընդգծել է, որ պետք է Կովկասում միասնություն ստեղծել, այդ թվում՝ տնտեսական։ «Բացի այդ, անհրաժեշտ է փոխել ադրբեջանական հողերի 20%-ի կարգավիճակը, որոնք օկուպացվել են Հայաստանի կողմից։ Այդ ուղղությամբ արված միակողմանի քայլերը չեն կարող երկարատև լուծում ապահովել»,- նշեց նախարարը։
Դավութօղլուն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության երկու կողմերն հնարավոր ամեն ինչ անում են հակամարտության լուծման ճանապարհ գտնելու համար։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: -0-
