ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում «Կինոյի, թատրոնի, հեռուստատեսության նկարիչները» ցուցահանդեսի ժամանակ 60 հայ վարպետների շուրջ 200 տարբեր ժանրի աշխատանք է ներկայացվել, ասաց ՀՀ վաստակավոր նկարիչ, խաղարկային և անիմացիոն կինոյի նկարիչ Ստեփան Անդրանիկյանը։
«Մեր նկարիչները շատ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նման ցուցահանդեսներին և իրենց ստեղծագործության վերջին շրջանում ստեղծված աշխատանքներն են ներկայացնում։ Այդ աշխատանքներից շատերը, օրինակ, թատերական խամաճիկները և զգեստները այսօր որպես թատերական ռեկվիզիտ են օգտագործվում։ Եվ դա ցուցահանդեսի յուրահատկություններից մեկն է»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Անդրանիկյանը։
Ըստ նկարչի, նման թեմայով ցուցահանդեսը Երևանում հինգ տարին մեկ է կազմակերպվում։
Անդրանիկյանը նշեց, որ կինոյի, թատրոնի և հեռուստատեսության թեմայով ցուցահանդեսները Հայաստանում անցկացվում են դեռ 1930-ական թվականներից։
Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են ինչպես անվանի վարպետների, այնպես էլ երիտասարդ նկարիչների վերջին նկարները, ֆիլմերի էսքիզները, կոլաժները, կոմպոզիցիաները, թատերական զգեստները, խամաճիկները, տիկնիկները։ -0-
