ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Պետդեպարտամենտը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի կարգավիճակը միայն Հայաստանի և Ռուսաստանի գործն է համարում: Չորեքշաբթի նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ պատասխանելով ռազմակայանի մասին ռուս-հայկական պայմանավորվածությունների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հրապարակելու լրագրողների խնդրանքին:
«Ես համարում եմ, որ այդ հարցը վերաբերում է միայն երկու երկրներին՝ Հայաստանին և Ռուսաստանին: Իհարկե, ԱՄՆ-ն և Հայաստանն ամուր գործընկերային հարաբերություններ ունեն, և մենք մեծ հույսեր ենք կապում այդ հարաբերությունները շարունակելու կապակցությամբ: Իսկ Ռուսաստանը Մինսկի խմբի մի մասն է և կառուցողական դեր է խաղում այդ կարգավիճակում», - ասել է Թոները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, որը ռազմական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ-ի միասնական համակարգի շրջանակներում:
Oգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի (մինչև 2046 թվականը՝ 1997 թ.-ին համաձայնագրի վավերացման պահից սկսած):
Արձանագրությունը նախատեսում է նաև ռազմակայանի պատասխանատվության աշխարհագրական և ռազմավարական ոլորտի ընդլայնում: Այն զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և МиГ-29 կործանիչներով, շուրջ 5 հազար մարդ է ծառայում: Քանի որ կայանը, բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, հայ զինծառայողների հետ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին զինել ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ, հատուկ ռազմական տեխնիկայով:
Փորձագետները տարբեր գնահատականներ են տալիս ռուս-հայկական պայմանավորվածություններին: Ոմանք կարծում են, որ համաձայնագիրը կարող է Հարավային Կովկասում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման հանգեցնել, ոմանք էլ կարծում են, որ Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարացումը կծառայի կովկասյան տարածաշրջանում հարաբերությունների խաղաղ բնույթի ամրապնդմանը:-0-
