SELECTORNEWS
Загрузка...

21:47
8/02/2012
Ռուսաստանն ապահովելու է Հայաստանի անվտանգությունը` «անկախ այն հանգամանքից, թե որտեղից կբխի սպառնալիքը». ՊՆ
13:31 | 26/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին օրերս ստորագրված արձանագրությամբ Ռուսաստանն ապահովելու է Հայաստանի անվտանգությունը` «անկախ այն հանգամանքից, թե որտեղից կբխի սպառնալիքը, «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Oգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանը արձանագրություն են ստորագրվել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի (մինչև 2046 թվականը՝ 1997 թ.-ին համաձայնագրի վավերացման պահից սկսած):

«Եթե Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված սպառնալիքը վերաճի Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական սպառնալիքի, ապա չեմ կասկածում, որ Ռուսաստանի Դաշնությունը կկատարի իր դաշնակցային և պայմանագրային պարտավորվածությունները», - ասել է նա:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ստորագրված փաստաթուղթն արդյո՞ք նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանը ռազմական աջակցություն ցույց կտա Հայաստանին` պաշտպանության նախարարը նշել է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված հնարավոր սպառնալիքներին, ապա պետք է նշեմ, որ ավելի քան երկու տասնամյակ ինքնորոշված Արցախի ժողովրդի անվտանգության և նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, այլ ոչ թե որևէ այլ երկիր»:

Նախարարի խոսքերով՝ օգոստոսի 20-ին Երևանում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների ներկայությամբ ստորագրված վերոհիշյալ արձանագրության համաձայն, «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

«Նախկին պայմանագրում նշվում էր, որ Ռուսաստանի Դաշնության ռազմակայանը Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանելուց բացի, Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը` նախկին ԽՍՀՄ սահմանի երկայնքով, ինչը կորցրել էր իր արդիականությունը», - պարզաբանել է Օհանյանը:

Նա նշել է, որ պայմանագրի ներկա ձևակերպումները պայմանավորված են ռազմական և ֆինանսատնտեսական պլանավորման ռազմավարական բնույթով, ռազմական ոլորտում երկարաժամկետ ներդրումային քաղաքականությամբ, Հայաստանի եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ հայ-ռուսական համատեղ պլանավորման շարունակականությամբ:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»