ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 23-25-ը աշխատանքային այցով Հայաստան էր գտնվում Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության անդամներին օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը համառոտ ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, իրականացվող բարեփոխումները, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, անդրադառնալով երկկողմ ռազմական համագործակցությանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը նշել է, որ Հունաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերներից մեկն է և երկու երկրների ռազմական ու ռազմաքաղաքական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա:
Հունական կողմը հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը ՀՀ խաղաղապահ կարողությունների ընդլայնման և անձնակազմի տեխնիկական հագեցվածության հարցում: -0-
