SELECTORNEWS
Загрузка...

02:55
9/02/2012
зерно
Հայաստանը Ռուսաստանից ցորենի 950 տոննա էլիտար սերմ կստանա սեպտեմբերին
14:45 | 30/ 08/ 2010

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը սեպտեմբերի 15-20-ը Ռուսաստանից ցորենի 950 տոննա էլիտար սերմ կստանա, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:

«Մենք արդեն սերմնաբուծության զարգացմանն ուղղված ծրագիր ենք սկսել, և այժմ Ռուսաստանից Հայաստան ցորենի 950 տոննա էլիտար սերմի տեղափոխման աշխատանքներ են ընթանում: Եվս 500 տոննա կա տեղական արտադրողների մոտ: Առաջին տարվա համար նախատեսված ծրագրի աշխատանքներն արդեն սկսվել են», - ասաց նա:

Նախարարի խոսքերով՝ այժմ ՀՀ Շիրակի մարզում է գտնվում առաջին աշխատանքային խումբը, որի նպատակն է ուսումնասիրել սերմնաբուծության զարգացման ծրագրով նախատեսված հողատարածքները:

«Պայմանավորվածության համաձայն, մասնագետները կստուգեն գոյություն ունեցող հողատարածքները և կընտրեն այն հողատարածքները, որոնք բարենպաստ են սերմերի արտադրության համար: Հողը պետք է պտղաբեր լինի, որպեսզի մենք կարողանանք ստանալ առաջին արտադրության մաքուր սերմեր և հաջորդ տարի բաժանենք դրանք գյուղացիներին», - ասաց Ալավերդյանը:

Նա նշեց, որ արդեն 18 հազար հեկտար հողատարածքի հայտեր են ստացվել, որից կընտրվի 5 հազար հեկտար ընդհանուր մակերես ունեցող հողատարածք:

Նախարարի խոսքերով՝ ծրագրի իրագործման արդեն առաջին տարում նախատեսվում է մեկ հեկտարից ցանած ծավալի կրկնակի բերքը ստանալ:

«Սերմնաբուծության զարգացման ծրագրի շնորհիվ երեք տարվա ընթացքում մենք կնվազեցնենք ներկրման ծավալներն ու կավելացնենք տեղական արտադրությունը՝ հասցնելով այն մինչև 3-3,3 հազար տոննայի՝ նախկին 2 հազար տոննայի փոխարեն», - ասաց Ալավերդյանը:

Նա պարզաբանեց, որ սերմնաբուծության ծրագրի իրագործման շնորհիվ՝ Հայաստանը վերջնական արդյունքում ծրագրում է հասնել ցորենի արտադրության տարեկան 300-350 հազար տոննա մակարդակի՝ ներկա 150-160 հազար տոննայի փոխարեն և մակերեսն ավելացնել՝ հասցնելով այն մինչև 125-130 հազար հեկտարի՝ ներկայիս 82 հազար հեկտարի փոխարեն:

«Հացահատիկի արտադրությունն արդյունավետ չէր որակյալ սերմերի բացակայության պատճառով, ինչի հետևանքով ցանքատարածքները կրճատվեցին, և մենք ունենք այն, ինչ ունենք», - ասաց նախարարը:

Հայաստանում տարեկան օգտագործվում է 650-720 հազար տոննա հացահատիկ, որից միայն արտադրական նպատակների համար օգտագործվում է 435-450 հազար տոննան: Սեփական արտադրությունը կազմում է 168-175 հազար տոննա, իսկ դեֆիցիտն իրականացվում է ներկրման հաշվին, որի ծավալը վերջին հինգ տարվա ընթացքում տարեկան կազմել է 380-420 հազար տոննա:-0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»