ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին չորեքշաբթի Երևանում բացեցին Անդրկովկասում ֆուտբոլի խոշորագույն ակադեմիան։
Բացման արարողությունը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, խոշոր ձեռնարկատերեր։
Ֆուտբոլային ակադեմիայի առաջին հիմնաքարը դրվել է 2007 թվականի հոկտեմբերին ՈՒԵՖԱ, ՖԻՖԱ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահների կողմից։
«Երեք տարի առաջ Յոզեֆ Բլաթերի հետ մենք առաջին փոխանցումը կատարեցինք, բայց փոխանցումն առանց գոլի չի կարող լինել, և այսօր մենք տեսանք այդ գոլը»,- ակադեմիայի բացման ժամանակ ասաց Պլատինին։
Ըստ նրա, այդ գնդակն ուղղված է հայկական ֆուտբոլի զարգացմանը։
Պլատինին նշեց, որ ինքը՝ որպես ՈՒԵՖԱ նախագահ, աշխատում է ազգային ասոցիացիաների զարգացման վրա, և նոր ակադեմիան թույլ կտա երիտասարդ մարզիկներին մարզվել լավ պայմաններում։
«Նրանցից ոչ բոլորն ականավոր ֆուտբելիստներ կդառնան, բայց նրանք հաճույք կստանան՝ այստեղ ֆուտբոլ խաղալով»,- ասաց ՈՒԵՖԱ նախագահը։
ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ակադեմիայի շինարարության արժեքը կազմել է 12 մլն դոլար, որից 7 մլն 475 հազար դոլարը տրամադրել է ՈՒԵՖԱ-ն, 400 հազար դոլար՝ ՖԻՖԱ-ն և 4 մլն 125 հազար դրամը՝ ՀՖՖ-ն։
Ակադեմիայի ընդհանուր մակերեսը կազմում է 13 հազար քառակուսի մետր։ Հայրապետյանի խոսքերով, Ակադեմիայում գործում է ֆուտբոլային հինգ դաշտ, լողավազան, ստեղծվել են մարզումների համար նախատեսված բոլոր պայմանները։
Նա ավելացրեց, որ նոր ակադեմիայում կարող են մարզվել ոչ միայն ֆուտբոլիստներ, այլ նաև տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ։
Միաժամանակ ակադեմիայում կարող է մարզվել 5-6 թիմ, և կանցկացվեն ֆուտբոլային հավաքականների ուսումնամարզական հավաքներ։ Ակադեմիայում կմարզվեն ավելի քան հազար երեխաներ, ովքեր հետագայում կարող են համալրել Հայաստանի հավաքականների շարքերը։
Սա արդեն Պլատինիի երրորդ այցն է Երևան։ Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի ղեկավարն այցելել է Հայաստան 2006 և 2007 թվականներին։ Իր երկրորդ այցի ժամանակ նախկինում հայտնի ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն զբաղեցնում էր ՈՒԵՖԱ-ի ղեկավարի պաշտոնը։ -0-
