SELECTORNEWS
Загрузка...

03:59
9/02/2012
«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի բացմանը տիկնիկներով լի օդապարիկ կբարձրանա երկինք
14:23 | 03/ 09/ 2010

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Թումանյանական հեքիաթի օր»  տիկնիկային թատրոնի միջազգային հինգերորդ փառատոնը կսկսվի ինքնատիպ միջոցառումով՝ երկինք կբարձրանա տիկնիկներով լի օդապարիկ, հայտնեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի՝ UNIMA-Armenia-ի նախագահ Արմեն Սաֆարյանը։ 

Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 5-11-ը Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ հայ մեծ բանաստեղծ և գրող, բազմաթիվ հեքիաթների հեղինակ, 20-րդ դարի հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում։

«Մենք պատրաստվում ենք տոն կազմակերպել բաց երկնքի տակ, եթե եղանակը թույլ տա»,- ուրբաթ լրագրողներին ասաց Սաֆարյանը։ Նա նշեց, որ փառատոնի մասնակիցներին կմիանա շվեյցարացի ճանապարհորդ Փիտեր Բլասերը, ով ողջ աշխարհին հայտնի է հսկայական օդապարիկով կատարած ճանապարհորդություններով։

Նա պատմեց, որ փառատոնի շրջանակներում տեղի կունենան հայկական և արտասահմանյան տիկնիկային թատրոնների համատեղ ներկայացումները։ Այսպիսով, օրինակ Հայաստանի և Հունգարիայի տիկնիկավարները հայ հանդիսատեսին ցույց կտան «Ստեղծագործություն» հեքիաթը, ինչպես նաև սլովենական-չեխական-բելառուսական համատեղ ներկայացումներ են պատրաստվել։

Այս տարի «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնի մասնակից կդառնա 22 թատերախումբ՝ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, Սլովենիայից, Հունգարիայից, Վրաստանից, Բելգիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Իրանից և Բելառուսից։

Ըստ Սաֆարյանի, ոչ բոլոր ներկայացումները կբեմադրվեն հենց Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա, սակայն բոլոր մասնակիցներին կմիավորի հեքիաթի ընդհանուր թեման։

Նա ավելացրեց, փառատոնի գործունեությունն արդեն տվել է իր պտուղները՝  ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում ավելի ու ավելի նոր տիկնիկային թատրոններ են ստեղծվում։ Դրանցից է ՝ «Կաթիլ» դպրոցական թատրոնը Դսեղ գյուղում, «Նարեկ»-ը ՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում, «Լապտեր»-ը՝ Երևանում։ -0-

 

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»