ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական բաժնի տնօրեն Զավեն Եկավյանն ուրբաթ մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել։
Ինչպես նշեց Եկավյանը, հուշագրի կարևորագույն հանգամանքներից մեկը համագործակցությունն է Հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտում, ինչն իր մեջ է ներառում պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրումն ու վերականգնումը։
«Արդեն 56 տարի է, ինչ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հետ։ Այսօր մենք ապրում ենք անկախ Հայաստանում, սակայն մեր միակ նպատակն է աջակցել հայ ժողովրդի մտավոր և կրթական զարգացմանը»,- լրագրողներին ասաց Եկավյանը՝ ընդգծելով, որ համագործակցությունը պետք է առավել համակարգված բնույթ ստանա։
Նա հիշեցրեց, որ հիմնադրամի հիմնադիր, խոշոր ձեռներեց Գալուստ Գյուլբենկյանի կտակի համաձայն, 1955թ.-ին դեռ Խորհրդային Հայաստանում վերականգնվել է Առաքելական Էջմիածնի եկեղեցիներից մեկի զանգակատունը։
Հուշագիրը նաև համագործակցություն է նախատեսում ժամանակակից արվեստի ոլորտում, մանավորապես՝ ծրագրերի իրականացում երաժշտության, գեղանկարչության, թատրոնի, կինոյի, լուսանկարչության, ճարտարապետության, դիզայնի բնագավառներում։ Նաև կկարգավորվի աշխարհի առաջատար մշակութային կրթական հաստատություններում երիտասարդ կադրերի ուսուցումը, գրականության և գրատպության ոլորտի փոխազդեցությունը, թարգմանության և հայ գրականության հրատարակման ծրագրերի իրականացումը։
Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել 2012թ.-ին առաջին հայկական տպագրական գրքի հրատարակման 500-ամյակին նվիրված համատեղ միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ- «Երևանը՝ 2012թ.-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում։
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը ստեղծվել է 1956 թվականին։ Կազմակերպության հայկական բաժինը 1984 թվականից գլխավորում է բարերար, բանասեր և արևելագետ Զավեն Եկավյանը, ով ԵՊՀ շրջանավարտ և պատվավոր դոկտոր է։
Գալուստ Սարգիս Գյուլբենկյան անգլիահայ ձեռնարկատեր և միլիոնատեր է, 20-րդ դարի խոշորագույն նավթային մագնատ, մեկենաս։
20-րդ դարի սկզբին ակտիվ մասնակցություն է ունեցել համաշխարհային նավթարտադրության կազմակերպմանը՝ աջակցելով աշխարհի ընկերություններին օպտիմալացնել արդյունահանումը։ 1907 թվականին նրա աշխատանքի արդյունք է հանդիսացել դանիական և բրիտանական նավթային ընկերությունների միաձուլումը Royal Dutch Shell ընկերությունում, աշխատանքի համար Գյուլբենկյանը ստացել է նոր ընկերության բաժնետոմսերի 5 տոկոսը։
Հետագայում մասնակցել է նավթային այլ ընկերությունների (Turkish Petroleum Company, Iraq Petroleum Company…) ստեղծմանը՝ միշտ որպես պարգևատրում ստանալով նոր ընկերությունների բաժնետոմսերի 5 տոկոսը, ինչի համար էլ ստացել է «պարոն հինգ տոկոս» մականունը։ -0-
