ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի, հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Լեֆորի խոսքերով՝ բանակցությունների ձևաչափի փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել:
Կողմերը նաև քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
