ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիության պատվիրակությունը՝ Իսպանիայի (ԵՄ նախագահող-երկիր) ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորությամբ, ով չորեքշաբթի առավոտյան այցելել է Թբիլիսի, Վրաստանի մայրաքաղաքից ուղևորվել է Կազբեկի և ծանոթացել է «Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ-անցակետին: Մորատինոսը հսկիչ-անցակետի բացումը որպես դրական երևույթ է գնահատել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:
Վրաստանի և Ռուսաստանի սահմանի վրա գտնվող «Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ-անցակետը բացվել է մարտի 1-ին առավոտյան ժամը 06:00-ին: Ռուս-վրացական սահմանի ցամաքային հատվածի վրա գտնվող «Կազբեկի-Վերին Լարս» միակ պաշտոնական հսկիչ-անցակետը չէր գործում երեք տարի: Այն փակվել էր ռուսական կողմի որոշմամբ՝ ելնելով անցակետի վերանորոգման և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան զինելու անհրաժեշտությունից:
2009թ.-ի մայիսի սկզբին ռուսական կողմն ավարտեց «Վերին-Լարս» նոր միջազգային ավտոմոբիլային հսկիչ-անցակետի շինարարությունը:
Վրաստանն իր կողմից ԱՄՆ-ի օգնությամբ ավարտեց հսկիչ-անցակետի վերանորոգումը 2009թ.-ի սեպտեմբերին: Այժմ անցակետն ունի 12 գիծ տրանսպորտային միջոցների երթևեկության համար՝ վեցական տարբեր ուղղություններով: Կան նաև երկու պահուստային երթևեկության գծեր: Հսկիչ-անցակետի թողունակությունը կազմում է օրական մինչև 7 հազար մարդ, մինչև 50 ավտոբուս և մինչև 500 ավտոմեքենա: Բացի այդ, անձնագրերի վերահսկման համակարգն ապահովում է բիոմետրիկ չիպերով նոր սերնդի փաստաթղթերի ստուգումը:
Ինչպես լրագրողներին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան, «ԵՄ-ն դրական է գնահատում ՌԴ-ի հետ սահմանը բացելու Վրաստանի որոշումը և ողջունում է այդ քայլը, չնայած, որ երկրի տարածքի 20 տոկոսն օկուպացված է»:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն իր հերթին Թբիլիսիում լրագրողներին հայտարարել է, որ հսկիչ-անցակետի բացումը դրական քայլ է: «Դա կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և էլ ավելի կամրապնդի Վրաստանի դիրքերը», - ասել է Բասը:
Ռուսաստանը 2008 թ.-ի օգոստոսին «հնգօրյա պատերազմից» հետո անկախ է ճանաչել նախկին վրացական ինքնավարությունները՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան: Թբիլիսին Աբխազիան և Հարավային Օսեթիան համարել է օկուպացված տարածքներ և խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:-0-
