18:54
30/07/2010
Официальный представитель МИД РФ Андрей Нестеренко
Չնայած ճգնաժամին՝ Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը զարգանում է. Նեստերենկո
14:49 | 12/ 01/ 2010

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի-ուրբաթ կայցելի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Այն մասին, թե ինչ է քննարկվելու ռուսաստանյան նախարարի՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

- Այս շաբաթ տեղի կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։ Ո՞րն է այդ այցի նպատակը և առաջիկա բանակցությունների օրակարգը։

- Հունվարի 13-14-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն ընդունող կողմի հրավերով։

Այցի ընթացքում նախատեսված են Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ և բանակցություններ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Ուշադրության կենտրոնում կլինի կարծիքների փոխանակումը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի շարունակության հարցերի վերաբերյալ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից այս հարցի հանգուցալուծման առնչությամբ ձեռնարկվող միջնորդական ջանքերի համատեքստում։ Նախատեսվում է նաև երկկողմ համագործակցության արտաքին քաղաքական և Անդրկովկասում իրավիճակի արդիական հարցերի քննարկում։

- Ինչպե՞ս եք գնահատում ռուս-հայկական հարաբերությունների զարգացման դինամիկան։

- Ռուս-հայկական հարաբերությունների դինամիկան առաջընթացային և բազմակողմանի բնույթ է կրում։ Պահպանվում է բարձր մակարդակով կանոնավոր քաղաքական երկխոսությունը, ինչը հաստատում է ռուս-հայկական գործընկերային կապերի հետագա խորացման երկկողմ տրամադրվածությունը։ 2009 թվականին Դմիտրի Մեդվեդևը և Սերժ Սարգսյանը բազմիցս հանդիպել են Հայաստանի նախագահի՝ ՌԴ կատարած աշխատանքային այցերի, ինչպես նաև տարբեր բազմակողմանի միջոցառումների ընթացքում։ Կատարելագործվում է հարաբերությունների իրավապայմանագրային բազան։

Չնայած ճգնաժամային գլոբալ երևույթներին՝ ռուս-հայկական առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, մարդասիրական և միջտարածաշրջանային փոխգործակցությունն ընդհանուր առմամբ զարգացման դրական միտումներ է ցույց տալիս։

- Ինչպե՞ս են զարգանում երկկողմ հարաբերությունները առևտրատնտեսական և արտաքին քաղաքական ոլորտներում։

- Երևանի առաջատար արտաքին քաղաքական գործընկերոջ դիրքն ամուր գրաված Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրատնտեսական համագործակցությունը նպաստում է հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի կայունացմանը։ Մասնավորապես, 2009 թվականի հունիսին Հայաստանին տրամադրվել է 500 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ռուսական պետական վարկ։

Մոսկվայում դրական են գնահատում Երևանի հետ արտաքին քաղաքական ոլորտի կառուցողական փոխգործակցությունն ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում և այդ աշխատանքի արդյունավետ աշխատանքի հույս ունեն։ -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»