SELECTORNEWS
Загрузка...

13:36
9/02/2012
Рубен Мелконян
Թուրքիան պետք է վերանայի Հայաստանի հանդեպ ունեցած դիրքորոշումը
18:44 | 20/ 01/ 2010

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ամբիոնի վարիչի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» տեղեկատվական գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հակամարտությունը: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ մոտեցմանը: 

Ռ. Մելքոնյան. Կարելի է առանձնացնել այս հարցի շուրջ երկու պաշտոնական մոտեցում՝ հայկական և թուրքական: Առաջինն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կապվել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հետ: Նման մոտեցումը ինքնին բավականին պարզ է, և այն պաշտպանում են գերտերությունների ղեկավարները:

Մինչդեռ թուրքական մոտեցումն այլ պատկեր է ենթադրում: Այսպիսով, թուրքական կողմը բազմիցս հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել բացառապես Ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո: Սա Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն է, որը հիմնված է ինչպես որոշ ներքին, այնպես էլ որոշակի արտաքին շահերի վրա՝ կապված Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների ու իր նավթի հետ:  

Սակայն Թուրքիայի նման հայտարարություններին, որոնք հայ-թուրքական հարաբերությունները կապում են Ղարաբաղյան հիմնահարցի հետ, ինչպես երևում է, մինչ այժմ գերտերություններից կամ խոշոր միջազգային կազմակերպություններից (ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն) ոչ մեկը հավանություն չի տվել, քանի որ լիովին ակնհայտ է, որ այդ խնդիրները տարբեր են և միմյանցից անկախ, այնպես ինչպես Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն են տարբեր ու միմյանցից անկախ պետություններ: Այդ իսկ պատճառով այս հարցերը միմյանց հետ կապել պետք չէ:  

Ավելին, Թուրքիան տարբեր խնդիրներ ունի հարևան երկրների հետ (Հունաստան, Բուլղարիա և այլն), բայց նա երբեք, օրինակ Հունաստանի հետ չի կապում Բուլղարիայի հետ ունեցած հարաբերությունները: Այդ իսկ պատճառով էլ նա պետք է վերանայի իր դիրքորոշումն այս հարցում, իսկ Հայաստանին պետք չէ հետ կանգնել իր քաղաքականությունից:    

«Նովոստի-Արմենիա». Ձեր կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ սահմանադրությանը համապատասխան ճանաչելուց հետո, ինչպիսի՞ն կլինեն երկրի ղեկավարության հետագա քայլերը, կվավերացնեն նրանք այն, թե կսպասեն որոշակի արդյունքների թուրքական կողմից:

Ռ. Մելքոնյան. Կարծում եմ, որ հայկական կողմն անպայման կսպասի որոշ զարգացումների թուրքական կողմից: Նախագահ Սերժ Սարգսյանը կարող է հայ-թուրքական արձանագրություններն ուղարկել ՀՀ ԱԺ, և դրանք այնտեղ կարող են մնալ այնքան ժամանակ, մինչև Թուրքիան չվավերացնի դրանք կամ չձեռնարկի որոշակի քայլեր այդ ուղղությամբ:  

Կարծում եմ, որ դա բավականին խելամիտ որոշում է, քանի որ թուրքական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից շատ հաճախ հնչում են դեմագոգ հայտարարություններ այն մասին, որ այդ արձանագրությունները չեն վավերացվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը չգնա զիջումների Ղարաբաղյան հարցում:

Եթե նման հայտարարությունները հնչում են Թուրքիայի վարչապետի, արտգործնախարարի կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից, ապա, բնականաբար, խորհրդարանն ու ՀՀ արտգործնախարարությունը պետք է անպայման հաշվի առնեն դա ու ըստ դրա հաստատեն իրենց արտաքին քաղաքականության ուղղությունն ու ռազմավարությունը:

Կարծում եմ, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը հայկական խորհրդարանի կողմից թուրքական Մեջլիսում դրանց վավերացումից հետո ճիշտ մարտավարական քայլ կլինի:

Ըստ իս, Հայաստանին այլ սցենար շահավետ չէ: Իմ կարծիքով, պետք է վավերացնեն կամ կողմերից երկուսն էլ միաժամանակ, կամ թուրքական կողմը դա պետք է առաջինն անի:

«Նովոստի-Արմենիա». Որքանո՞վ են իրական հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարները հայ-թուրքական արձանագրությունների վավերացման լույսի տակ:

Ռ. Մելքոնյան. Եթե հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն, բնականաբար Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը: Ենթադրում եմ, որ դա տեղի կունենա փուլ առ փուլ, սահմանի բացում՝ երկաթուղու կամ ավտոփոխադրամիջոցների համար, կամ սահմանների բացում շաբաթը մեկ անգամ: Այս առնչությամբ տարբեր մոտեցումներ կան, որոնք կիրականացվեն հետագա քաղաքական զարգացումներին համապատասխան: Այդ պատճառով սահմանների բացումը և հարաբերությունների հետագա հաստատումը աստիճանական գործընթաց է:

Ժամանակային առումով կարելի է ենթադրել, որ սահմանների բացումը արձանագրությունների վավերացումից հետո կախված կլինի տարբեր գերատեսչությունների համապատասխան աշխատանքների հետ, ինչպես թուրքական, այնպես էլ հայկական կողմերում, օրինակ, մաքսակետերի ձևավորումից:

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ եք կարծում, Թուրքիայի և Հայաստանի վրա գերտերությունների կողմից ճնշում կա՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ, և որքանո՞վ արդյունավետ կլինի այդ ճնշումը հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացի համար:

Ռ. Մելքոնյան. Գերտերությունները, բնականաբար շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, և իհարկե, ճնշում են գործադրում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի վրա: Ավելին, այսօր Թուրքիայի քաղաքական օրակարգում հատկապես հաճախ քննարկում են ԱՄՆ կողմից Թուրքիայի քաղաքական ղեկավարության վրա գործադրվող ճնշումը հայ-թուրքական արձանագրությունների շուտափույթ վավերացման և հարաբերությունների նորմալացման առնչությամբ:  

Սակայն թուրքական դիվանագիտությունը մանևրելու բավականին հարուստ փորձ ունի: Բավական է հիշել թեկուզ այն, որ նա իր դիվանագիտության շնորհիվ կարողացավ բավականին բարեհաջող դուրս գալ Իրաքի պատերազմից:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ իս, ճնշումներն այնքան էլ ուժեղ չեն, քանի որ մենք գտնվում ենք բավականին շահավետ վիճակում, քանի որ Թուրքիայի հետ սահման չենք փակել և պաշտոնական դիրքորոշմանը հավատարիմ ենք մնում, համաձայն որի պատրաստ ենք վավերացնել հայ-թուրքական արձանագրություններն ու նորմալացնել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների, ի տարբերություն վերջինի:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք կարծում, ԱՄՆ մինչև 2010 թ.-ի ապրիլի 24-ը պաշտոնապես կճանաչի Հայերի ցեղասպանության փաստը:

Ռ. Մելքոնյան. Կարծում եմ, որ Միացյալ նահանգները կշարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, այդպիսով փորձելով ավելի որոշակի ու դրական արդյունքներ ստանալ հայ-թուրքական արձանագրությունների շուտափույթ վավերացման հարցում: Սակայն ամերիկյան կոնգրեսը, ըստ իս, չի ճանաչի Հայերի Ցեղասպանությունը մինչև ընթացիկ տարվա ապրիլի 24-ը: Պետք է այդ հարցին իրատեսորեն նայել. ԱՄՆ-ն, որպես գերտերություն, իր որոշակի շահերն ունի տարածաշրջանում, հատկապես իր դաշնակից Թուրքիային սատարելու տեսակետից: Այդ իսկ պատճառով, քիչ հավանական եմ համարում, որ ԱՄՆ-ն զգացմունքների ազդեցության տակ ճանաչի ցեղասպանությունը:

Մյուս կողմից, ցավալի է, որ Ցեղասպանությունը դարձել է քաղաքական առևտրի առարկա տարբեր գերտերությունների համար, որով նրանք բավականին բարեհաջող կերպով մանիպուլյացիա են կատարում: Կարծում եմ, որ եթե անգամ այս հարցում ԱՄՆ-ի կողմից խիստ հայտարարություններ արվեն, ապա դրանք, ավելի շուտ բացառապես Թուրքիայից սպասվող հնարավոր զիջումներն ընդլայնելու նպատակ կհետապնդեն:  

Այդուհանդերձ, չեմ կարծում եմ, որ ԱՄՆ-ն մինչև ապրիլ կճանաչի հայերի Ցեղասպանության փաստը: Դա ավելի իրատեսական կլիներ անել անցյալ տարի, երբ Բարաք Օբաման խոստացել էր ճանաչել, և բոլորը հավատացել էին, և փաստորեն գործընթացները գնում էին այդ ուղղությամբ: Սակայն մենք տեսանք, որ դա այդպես էլ տեղի չունեցավ:  

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ հայկական ընդդիմադիր ուժերի ներուժն ու գործողությունները:

Ռ. Մելքոնյան. Ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի դիրքորոշումներին և կարծում եմ, որ ՀՅԴ կուսակցության՝ որպես հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ հանդես եկող առավել ակտիվ քաղաքական ուժի գործողությունները լիովին համապատասխանում են նրա գաղափարախոսությանը:

Սակայն միաժամանակ քիչ հավանական եմ համարում, որ բողոքի նման ակցիաները կարող են նման մեծ թափ ստանալ, որպեսզի վճռորոշ ազդեցություն ունենան ողջ գործընթացի վրա, եթե միայն չլինի սեփական ռազմավարության մեջ փոփոխություններ մտցնելու ՀՀ իշխանությունների կամքը:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս կմեկնաբանեք կարծիքն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արդյունքում կվատթարանան հայ-ռուսական հարաբերությունները և միևնույն ժամանակ հարաբերությունների ամրացում կդիտվի Մոսկվայի ու Բաքվի միջև:

Ռ. Մելքոնյան. Կարծում եմ, որ մենք պետք է ելնենք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների որոշակի գործողություններից և հայտարարություններից, ի դեմս նախագահի, վարչապետի և արտգործնախարարի, որոնք բազմիցս հայտարարել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում օգնություն ցույց տալու Ռուսաստանի պատրաստակամության մասին:

Մյուս կողմից, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ինքը, իհարկե, որոշակի անհանգստություն է առաջ բերում Ռուսաստանում: Բայց, չեմ կարծում, որ հայ-թուրքական բարեկամական հարաբերությունները սուր հակամարտություն կամ Մոսկվայի ու Բաքվի միջև հարաբերությունների ամրացում սադրեն Հայաստանի շահերին հակառակ: -0-

  Рейтинг@Mail.ru   Rambler's Top100       © 2005, ԱՄԻ «Նովոստի - Արմենիա»