«Եվրոպական շարժում» կազմակերպության նախագահ Վիկտոր Ենգիբարյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությանը
Նովոստի-Արմենիա. Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական Դատարանը որոշում ընդունեց հայ-թուրքական արձանագրությունների՝ հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։ Հայկական խորհրդարանի կողմից արձանագրությունների հնարավոր վավերացման դեպքում ինչպե՞ս դա կարտացոլվի եվրաինտեգրման գործընթացի վրա։
Վ.Ենգիբարյան. Հայաստանի Սահմանադրական դատարանն իր որոշումով իրավական ամրագրում տվեց որոշ քաղաքական ուժերի այն պահանջին, որ արձանագրություններում չպետք է լինի որևէ նախապայման։ Եվրոպացիները կիսում են այդ մոտեցումը, ինչի մասին տարբեր պաշտոնական մակարդակներով բազմիցս հայտարարել են Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները։ Եվրաինտեգրման ճանապարհին, կոպենհագենյան չափորոշիչների համաձայն, անհրաժեշտ է, որպեսզի հավակնորդ պետությունները բարեկամական կապեր ունենան իրենց հարևան պետությունների հետ։
Մյուս կողմից առևտրային և քաղաքական ասպեկտներով ժամանակակից Եվրոպան հանդես է գալիս որևէ փակ սահմանի դեմ, հատկապես եթե խոսքը ներեվրոպական սահմանների մասին է։ Հետևաբար, հայ-թուրքական արձանագրությունների երկկողմանի վավերացումը փոխշահավետ գործընթաց է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար, որը կարող է էապես ազդել երկու երկրներում եվրաինտեգրման գործընթացի արագացման վրա։
Նովոստի-Արմենիա. Ձեր կարծիքով՝ եվրոպական հանրությունն ինչպե՞ս է ընկալում Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում։
Վ.Ենգիբարյան. Եվրոպական հանրությունը դրական է գնահատում Հայաստանի նախաձեռնությունը՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Սահմանի բացումն արտոնություն չէ, այլ ամենատարրական նախապայման երկու հարևան պետությունների հարաբերություններում։ Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացն արտաքին քաղաքականության հարց է, սակայն մենք պետք է գիտակցենք, որ եվրոպական մերձեցումը ոչ թե արտաքին քաղաքականություն է, այլ գործնականում բոլոր ոլորտներին անդրադարձող ներքին քաղաքական բարեփոխում։ Միաժամանակ պետք է նշել, որ Հայաստանը դեռ շատ գործ ունի անելու ներքին քաղաքականության առումով, մասնավորապես, ընտրությունների գործընթացի կազմակերպման, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ապահովման հարցերում։
Նովոստի-Արմենիա. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը և, մասնավորապես, հայկական օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափորոշիչներին։
Վ.Ենգիբարյան. Եվրոպական հանձնաժողովների հաշվետվությունները հաստատում են, որ հայկական օրենսդրության վերափոխումը և համապատասխանեցումը եվրոպական նորմերին Հայաստանում բավական ակտիվ է ընթանում, և հարավկովկասյան մյուս պետությունների համեմատ Հայաստանն առանձնանում է իր բարեխղճությամբ։ Կարծում եմ, որ այստեղ չպետք է քաղաքականացնել այդ հարցը և այն դարձնել հանրամատչելի:
Նովոստի-Արմենիա. Ո՞րն է «Եվրոպական շարժումը Հայաստանում» կազմակերպության դերը մեր երկրի եվրաինտեգրման գործընթացում։
Վ.Ենգիբարյան. Կասկած չկա, որ հետագայում Հայաստանն իսկապես կդառնա ԵՄ լիիրավ անդամ-պետություն, որը կկարողանա իր ներդրումն ունենալ եվրոպական միասնականության գաղափարին։ Թեև Հայաստանը զարգացող երկիր է, այդուհանդերձ, մշակութային առումով այն, անշուշտ, գերտերություն է։ ԵՄ-ն հենց այն կազմակերպությունն է, որը կաջակցի Հայաստանին դրսևորել իրեն որպես հնագույն և հարուստ մշակույթ ունեցող երկիր և միաժամանակ զարգացնել իր տնտեսությունը, սոցիալական ապահովման և կրթության համակարգերը։
Այս առումով հարկ է նշել «Եվրոպական շարժում» կազմակերպության՝ Հայաստանի եվրաինտեգրման շուտափույթ գործընթացին նպաստող զգալի ներդրումը։ Քաղաքական համագործակցության ստեղծման ու ամրապնդման, ինչպես նաև հասարակական միջոցառումների կազմակերպման օգնությամբ մեզ հաջողվում է առավել ճշգրիտ և արդյունավետ նպաստել եվրոպական գիտակցության ներդրմանը հայկական իրողությունում, ինչի մասին վկայում է կազմակերպության անդամների ընդլայնվող ցուցակը։ -0-
